Ադրբեջանի նախագահի ընտանիքը Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների միջոցով վերահսկում է երկրում ոսկու, արծաթի ու կապարի ամենահարուստ հանքավայրերը՝ հայտնի է դարձել պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության գաղտնի փաստաթղթերի արտահոսքից։ «Ադրբեջանական AIMROC միջազգային հանքարդյունաբերական ընկերությունը, որն ի հայտ եկավ անհասկանալի է, թե որտեղից ու միանգամից դարձավ երկրում 2-րդ խոշորագույն ոսկի արդյունահանողը, նույնպիսի արագությամբ չքացավ ասպարեզից` բախտի քմահաճույքին թողնելով 300 հանքափորի»,- նշվում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության անդրադարձում, որը ներկայացրել է հետաքննող լրագրողներ Միրանդա Պատրուչիչի, Էլեոնոր Ռոուզի, Լեյլա Կամջիչի և Խադիջա Իսմայիլովայի հետաքննությունը։ Հոդվածի հեղինակները մանրամասնում են, որ հանքափորներն արդեն 2 տարի է՝ աշխատավարձ չեն ստացել, սակայն շարունակում են գրանցված մնալ որպես հանքավայրի աշխատող։ Իսկ դա իր հերթին թույլ չի տալիս շարքային ադրբեջանցիներին այլ աշխատանքի տեղավորվել, քանի որ դեմ է երկրի օրենսդրությանը։ Հուսահատության մեջ հայտնված ու իրենց բոլոր խնայողությունները ծախսած աշխատողները թակել են տարատեսակ կառավարական հաստատությունների դռները` աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարությունից մինչև նախագահի աշխատակազմ, փորձելով պարզել, թե ովքեր են իրենց գործատուներն ու ինչպես են պատրաստվում լուծել ստեղծված իրավիճակը: «Սակայն իրականում գործատուները շատ ավելի մոտ էին, քան հանքափորները կարող էին պատկերացնել: Նրանք պարզապես թաքնվում էին օֆշորներում: Նորաձևության վերջին ճիչով հագնված, թանկարժեք պայուսակները ձեռքներին այդ նույն գործատուներն իրենց լքված աշխատողներին նայում էին թերթերի ու սնդուսափայլ ամսագրերի էջերից: Նրանք լայն ժպտալով նայում էին երկրի գլխավոր հեռուստաալիքների տեսախցիկներին, նոր օբյեկտների բացմանը հանդիսավոր կտրում էին կարմիր ժապավենը, մասնակցում էին հանդիսությունների ու ներկայանում էին Ադրբեջանի բարգավաճմանն ուղղված կոչերով: Այդ գործատուներն Իլհամ Ալիևի դուստրերն էին` Արզուն և Լեյլան»,- նշվում է հոդվածում։ Mossack Fonseca-ի գաղտնի փաստաթղթերից պարզ է դարձել, որ 9 տարի առաջ Ադրբեջանի նախագահը ոսկի արդյունահանող 6 հանքավայր, որոնց ընդհանուր արժեքը հասնում է մի քանի մլրդ դոլարի, օգտագործման հիմունքներով տրամադրել է 6 ընկերության, որից 4-ը գրանցված են եղել օֆշորային գոտիներում ու ամբողջովին կառավարվել են նախագահական ընտանիքի կողմից:
Այդ ընկերություններից մեկի` Globex International LLP-ի հետևում կանգնած են Ալիևա քույրերը: Փաստաթղթերի հետագա ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ քույրերն ամբողջությամբ վերահսկում են պանամական օֆշորներում գրանցված Londex Resources S.A ընկերությունը, որին պատկանում է տխրահռչակ AIMROC միջազգային հանքարդյունաբերական ընկերությունը»,- արձանագրում են հեղինակները։
Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։
Ընկերության տվյալների բազայի արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:
Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։ Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր մասնաբաժինները քողարկելու համար։